«Pop հանրագիտարան»-ի ոչ պրոֆեսիոնալ անձնակազմին ապացուցեի՝ երբ մասնագետներն են գնահատում, ես արժանանում եմ մրցանակի. Ջուս
LifestyleԱրդեն հայտնի է, որ բոլորովին վերջերս Ջուսը տոնեց իր համար շատ կարեւոր հաղթանակը՝ ներկայանալով Հայաստանի վարսահարդարների առաջնությանը որպես մոդել՝արժանացավ «Full fashion look» մրցանակի:
«Դեռ տարիներ առաջ՝ 2012թ-ին, «Pop հանրագիտարան» հաղորդման մրցանակաբաշխության ժամանակ ինձ տվեցին «No fashion» մրցանակը, ինչը ինձ շատ էր զարմացրել: Այս հաղթանակով տարիներ առաջ «Pop հանրագիտարան» հաղորդման ոչ պրոֆեսիոնալ անձնակազմին ես ապացուցեի, որ երբ մասնագետներն են գնահատում, ես արժանանում եմ «Full fashion look» մրցանակի, ինչը ենթադրում է, որ իմ ամբողջ կերպարը՝ վարսերը, դիմահարդարումը, հագուստը համապատասխանում է նորաձեւության չափանիշներին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ջոււսը իր այս հաղթանակի համար շնորհակալ է իր կերպարը ստեղծող ողջ անձնակազմին. «Ինձ առաջարկեցին որպես մոդել ներկայանալ «OREO» գեղեցկության սրահը՝ Սերժ Հարությունյանի գլխավորությամբ, որտեղ մշտապես հաճախում եմ ես: Հենց այստեղ է ստեղծվում իմ բոլոր կերպարները, որոնք մեկը մյուսից կրեատիվ ու հետաքրքիր են: Մրցույթում վարսերս հետաքրքիր կերպով ներկայացրեց վարսահարդար Լիանա Բիրագովան, իսկ դիմահարդարմամբ կերպարս ամբողջացրեց Մերի Հարությունյանը: Ողջ կերպարիս մտահղացումը Սերժ Հարությունյանինն էր, անգամ զգեստս նա էր որոշել, թե ինչպես պետք է լինի: Նկատեմ, որ որպես մոդել հանդիսանալը շատ դժվար է. ինձ հետ կես ամիս պարապել են, թե ինչպես պետք է քայլեմ պոդիումի վրա, իսկ այդ օրն էլ ուղիղ հինգ ժամ կանգնել եմ, որպեսզի զգեստիս վրա մանրակրկտորեն Սերժն ու Լիանան ամրացնեն փայլուն քարերը, բայց իհարկե, պոդիումի վրա ոչ մեկը գլխի չընկավ, որ ես շատ հոգնած եմ, քանի որ մենք շատ էինք ուզում հաղթել, ես էլ շատ ուրախացա, որ կարողացա նրանց պատկերացրած կերպարը ցուցադրել»,- նշեց երգչուհին:

Ջուսը հիշեց նաեւ, որ մոդելային փորձ շատ տարիներ առաջ ունեցել է. «Մոտ 14 տարեկան էի, քոլեջում որպես մոդել ներկայացա, հիմա այդ օրվա մանրամասները չեմ հիշում»,- նշեց նա:
Հարցին, թե այսուհետ հնարավո՞ր է ի դեմս նրա եւս մեկ մոդել ունենա Հայաստանը, նշեց. «Մեր երկրում մոդելինգը զարգացած չէ, մեզ մոտ մարդիկ են, ովքեր ներկայացնում են այս կամ այն նորաձևության տան հավաքածուն, եւ կարող է յուրաքանչյուր դերասանուհի, երգչուհի մոդելինգով զբաղվել, դրա համար, եթե առաջարկներ լինեն, չեմ հրաժարվի եւ կմասնակցեմ, բայց որպես աշխատանք հազիվ թե մոդելինգով զբաղվեմ»:
Առաջիկայում Ջուսը նոր գործերով հանդես կգա. «Արդեն ես եւ Դիջեյ Donz-ը նոր երգ ենք պատրաստում, որը կոչվում է «You are the one», որի հիման վրա հավանաբար ամռանը տեսահոլովակ կնկարահանենք, բայց կներկայացնենք աշնանը: Բացի այդ, ես էլ ունեմ մի շատ հետաքրքիր երգ, որը կոչվում է «No fashion», դրա տեսահոլովակը կհաջորդի Դիջեյ Donz-ի հետ համատեղ աշխատանքին, պարզապես No fashion»-ը պետք է ավելի տպավորիչ տեսահոլովակ ունենա, քանի որ որպես երգ այն շատ լավն է, բացի այդ, տվյալ ոճում ինձ դեռ չեն տեսել»,- ընդգծեց երգչուհին: