Աբովյանցիները միկրոավտոբուսներով են գալիս ընտրության, որոնց վրա գրված է Առինջ
SocietyԱբովյան քաղաքում, այսօր՝ հունիսի 7-ին, աբովյանցիներին միկրովտոբուսներով են բերում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ են միկրովտոբուսներով գալիս ընտրության, աբովյանցիները պատասխանեցին, որ իրենք համախմբված, հարեւաններով գալիս են ընտրության:
Ընտրատեղամասի նախագահ Վաչագան Ենոքյանն էլ NEWS.am-ին ասաց, որ այս պահի դրությամբ ընտրատեղամասում քվերարկել 163 մարդ:
«Ընտրատեղամասում ակտիվ է, դեռ խախտումներ չեն արձանագրվել»,-նշեց նա:
Լրագրողների հարցին թե, դուք չեք նկատել, որ ընտրողները միկրոավտոբուսներով են գալիս, ընտրատեղամասի նախագահը պատասխանեց, որ դա նորմալ է եւ ինքը պատասխանատու է նրա համար, որ ներսում ամեն ինչ նորմալ լինի:
Նշենք, որ միկրոավտոբուսների վրա, որոնցով աբովյանցիներին բերում են ընտրության, գրված է Առինջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: