Ինչ կտա հայտնի Դը Փամբին նորաստեղծ կուսակացությանն անդամագրվելը
InterviewԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով բավական երկար ժամանակ է, ինչ աչքի էր ընկնում իր ոչ խմբակցական, ինքնակամ որոշումներով եւ դրսեւորումներով, վերջիվերջո ստեղծեց իր թիմն ու կառույցը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նկատենք, որ նորաստեղծ քաղաքական ուժը, որը դեռ կայացման փուլում է, վերջերս հայտարարել է, թե մասնակցելու է գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Ստեղծված կառույցի եւ դրա հետագա անելիքների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը արդեն իսկ համալրած Արմեն Փամբուխչյանի հետ.
-Արմեն, Դուք մշտապես աչքի եք ընկել Ձեր ակտիվ հասարակական գործունեությամբ, ինչո՞վ էր պայմանավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելը:
-Երկար տարիներ խուսափել եմ լինել որեւէ կուսակցության անդամ, սակայն քաջածանոթ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդեն իսկ անդամների մոտեցումներին եւ հայացքներին, որոշեցի ես եւս անդամագրվել, քանի որ մեր քաղաքական հայացքները եւ մոտեցումները համընկնում էին: Հիմնական մոտեցումն է ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը մինչ այդ Հայաստանում գոյություն չի ունեցել: Պետք է նշեմ եւս մեկ կարեւոր հանգամանք, այն է՝ սուպերլիդերության մերժումը: Մեր կուսակցությունում ամեն հարց որոշվում է կոլեգիալ, եւ ողջ պատասխանատվությունը կոլեգիալ մարմնինն է կրում:
-Կարծու՞մ եք, որ Հայաստանի համար քաղաքական նոր մշակույթը էլ ավելի էֆեկտիվ կգործի, քան մինչ օրս ձեւավորված եւ գործող ընդդիմադիր գաղափարախոսությունը:
-Թե ինչ կլինի հետո` ժամանակը ցույց կտա, բայց ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մինչ օրս մյուս ընդդիմություններն իրենց չեն արդարացրել: Մենք բոլորս էլ տեսել ենք, որ ընդդիմությունը հանրահավաքներ է կազմակերպել, մասնակցել է ընտրությունների, սակայն ինչ-որ բան մշտապես արգելք է հանդիսացել առաջ գնալու համար` դա հիմնականում մեկ անձի կողմից կայացված որոշումներն են լինում: Սովորաբար հենց այդ մեկ անձի որոշումն է խոչընդոտ հանդիսացել, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել:
-Դուք, որպես Արմեն Փամբուխչյան, սոց. կայքերում ավելի մեծ հեղինակություն ունեք, քան նորաստեղծ քաղաքական կառույցը, որին անդամագրվել եք: Ո՞րն էր այն սուբեկտիվ պատճառը, ինչի՞ համար գնացիք այդ քայլին, չէ որ դուք անգամ վարչության անդամ չընտրվեցիք:
-Սկսեմ նրանից, որ վարչության անդամ չեմ դարձել, որովհետեւ եղել են արդար ընտրություններ, առաջադրվել են 22 թեկնածու, որոնցից ընտրվել են այն մարդիկ, որոնց ընտրել են: Իսկ ֆեյսբուքում իմ ոճը ապաքաղաքական էր, սակայն որոշակի նպատակների հասնելու համար մարդ պետք է զիջումների գնա: Անձնական շահն էլ կայանում է նրանում, որ ես ցանկանում եմ զբաղվել քաղաքականությամբ: Որոշ ժամանակ, կուսակցությունում «եփվելուց» հետո կդառնամ քաղաքական գործիչ, որից հետո, ըստ իմ արժանիքների, մարդիկ կոլեգիալ կերպով կորոշեն՝ ինչ պաշտոն տալ ինձ: Հիմա ես պետք է կայանամ ու որոշակի քաղաքական ճանապարհ անցնեմ:
-Իսկ պաշտոն ստանալուց հետո չե՞ք վախենում «քարկոծվել» եւ «կտտանքների» ենթարկվել իշխանության կողմից:
-Մինչ կուսակցության ստեղծումը ես եղել եմ ներկայիս կուսակցության հիմնադիր անդամների կողքին եւ, բնականաբար, լավ եմ հասկացել, թե ինչ կլինի հետագայում, եթե անդամագրվեմ կուսակցությանն ու դառնամ ընդդիմադիր: Սա իմ որոշումն է եւ ես պատրաստ եմ գնալ զրկանքների, անգամ «հալածանքների» իշխանության կողմից:
-Այսքան նվիրվածությունից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների կառաջադրի՞ Ձեր թեկնածությունը, ի՞նչ եք կարծում:
-Ինչպես ասացի, ամեն ինչ կոլեգիալ է որոշվում, եւ նա չի առաջադրի իմ թեկնածությունը, բոլորն էլ կարող են առաջադրվել եւ հետո սպասել արդյունքների, որը կլինի քվեարկության միջոցով:
-Դուք կինքնառաջադրվե՞ք որպես պատգամավորի թեկնածու:
-Ամենայն հավանականությամբ` այո:
Սոսե Չանդոյան