Գեղարքունիքի մարզի 5 համայնքում վերընտրվել են համայնքի ղեկավարները
SocietyԳեղարքունիքի մարզի Ակունք, Ազատ, Աղբերք, Ներքին Շորժա, Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում հունիսի 7-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով , առավել ծանր պայքար է ընթացել Ակունք գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար քվեարկվել է 4 թեկնածու, եւ գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանը իրեն հետապնդող մրցակիցներից մեկին հաղթել է 17, երկրորդին` 43 ձայնի առավելությամբ: 3064 ընտրողից Ակունքում քվեարկել է 1796 ընտրող, որից գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը շահել է 547, անկուսակցական Նորիկ Հայրապետյանը` 530, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը` 504 եւ անկուսակցական Ստյոպա Հովհաննիսյանը` 158 ձայն: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ:
Լարված պայքար է ընթացել նաեւ Գեղհովիտում, որտեղ, սակայն, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը ձայների մեծ առավելությամբ հաղթել է իր երկու մրցակիցներին: Գեղհովիտում քվեարկել է 2446 ընտրող, որոնցից 1476-ը ձայնը տվել է Վարդան Պողոսյանի օգտին: 678 ձայն շահել է ՀՅԴ անդամ Էդիկ Ասլանյանը, 455 ձայն` անկուսակցական Միքայել Նալբանդյանը:
Մրցակցություն է ծավալվել նաեւ Աղբերքում, որտեղ ՀՀԿ անդամ Վասիլ Աղասարյանը 161 ընտրողներից շահել է 99-ի ձայները: Անկուսակցական Անահիտ Ղալեչյանը շահել է 46, ՀՀԿ անդամ Կամո Պետրոսյանը` 3 ձայն:
Ազատում, Ներքին Շորժայում եւ Ծովասարում քվեարկվել են մեկական թեկնածուներ` ՀՀԿ անդամներ եւ գործող գյուղապետեր Սիմոն Սահակյանը, Էդիկ Մինասյանը եւ Արտաշես Մխիթարյանը, ովքեր ընտրության նախնական արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում:
Այսպիսով, համայնքի ղեկավարի փոփոխություն տեղի է ունեցել միայն Աղբերք համայնքում, որտեղ նախկին գյուղապետ Արթուր Երիցյանը չէր առաջադրել իր թեկնածությունը: