ՌԴ-ն ակնկալում Է, որ ԵԱՏՄ-ն աշնանը դիտորդի կարգավիճակ կստանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Լավրով
SocietyՌուսաստանն ակնկալում Է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, դիտորդի կարգավիճակ կտրամադրի Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին հունիսի 8-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման արդյունքները,- տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալում ենք, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ԵԱՏՄ-ն կստանա դիտորդի կարգավիճակ,-նշել Է Լավրովը:-Մենք մեր գործընկերների հետ կոորդինացնում ենք ՄԱԿ-ում նման բանաձեւի առաջադրման աշխատանքը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների թվում են՝ ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, Արաբական պետությունների լիգան, Եվրամիությունը:
Իր հերթին Վլադիմիր Մակեյը նշել Է, որ «ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում արվել Է առավելագույնը»: «Մենք առաջինն ստանձնեցինք այդ պատասխանատու գործառույթը, մեր առջեւ ծառացել Էր ոչ միայն գործողությունների ակտուալ ծրագիր առաջարկելու, այլեւ նախագահության ավանդույթների հիմքը դնելու խնդիրը,-հավելել Է նա:-Մեր առաջարկությունները պրագմատիկ, կոնկրետ բնույթ են կրում: Մասնավորապես, դա վերաբերում Է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության իրականացմանը, արտահանմանը, արդյունաբերական կոոպերացիային, ներմուծման փոխարինմանը, ներդրումային նախագծերին»: «Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մեր գործընկերների հետ փոխգործակցությունից,-ընդգծել Է Մակեյը:-Նշում ենք կառուցողական մոտեցումը ԵԱՏՄ-ի բոլոր անդամների նախաձեռնությունների նկատմամբ: ԵԱՏՄ-ի հանձնաժողովը հաջողությամբ Է կատարում գործողությունների այն ծրագիրը, որը նպատակամղված Է Բելառուսի նախագահության նախաձեռնությունների իրագործմանը: Մենք բավարարված ենք հանձնաժողովի աշխատանքից եւ մեր գործընկերների հետ փոխհարաբերություններից»:
Ինչ վերաբերում Է ԵԱՏՄ-ի միջազգային գործունեությանը, Բելառուսի ԱԳ նախարարը նշել Է, որ «այստեղ անհրաժեշտ Է գործել ավելի ակտիվորեն»: «Կարծում ենք, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծման հեռանկարն ակտուալ Է: Չի կարելի արհեստականորեն արագացնել իրադարձությունները: Մենք պատրաստ ենք փորձագիտական մակարդակով եւ այլ մակարդակներով խոսել այդ գաղափարի առաջշարժման շուրջ»,-նշել Է Մակեյը:
«Այսօր օրակարգում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Համապատասխան խնդրանքը ԵԱՏՄ-ի բոլոր պետությունների կողմից ուղարկվել Է ՄԱԿ-ի քարտուղարություն, պատրաստվում են համապատասխան նյութեր, որոնք կուղարկվեն ՄԱԿ: Համոզված ենք, որ ընթացիկ տարվա աշնանը ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանում ԵԱՏՄ-ն կստանա այդ կարգավիճակը: Պլանավորում ենք հաջորդ տարի մեր գործընկերների հետ միասին աշխատել ԵԱՏՄ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության կազմակերպման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի վրա»,-տեղեկացրել Է Մակեյը: Նրա խոսքով՝ «դա թույլ կտա Էլ ավելի բարձրացնել մեր կազմակերպության իմիջն ու հեղինակությունը եւ կցրի մի քանի նախապաշարումներ, որոնք մեր գործընկերները դեռեւս ունեն ԵԱՏՄ-ի նկատմամբ»: