Միասնական արժույթի հարցը չի «կպնում»
AnalysisԱրևմուտքի պատժամիջոցների խստացումից հետո Ռուսաստանի կողմից միասնական արժութային միության ստեղծման գաղափարը էլ ավելի սկսեց ակտիվանալ:
Չնայած ԵՏՄ գործընկերների բացասական արձագանքներին, Ռուսաստանը շարունակում է առաջ քաշել միասնական արժութային միության ստեղծման առաջարկությունները: Փորձագետները կարծում են, որ նման տարբերակով ռուսական ապրանքներ արտադրողների և ծառայությունների համար շուկայում առաջացել է մրցակցային առավելություններ, և դրանք զգալիորեն աճել են՝ մասնավորապես ղազախական շուկայում: Փորձագետները ռիսկային են համարում նաև տարադրամի փոխանակումը, որը կարող է ԵՏՄ այլ երկրների համար այլ իրավիճակի հանգեցնել: Միասնական արժութային միության ստեղծման գաղափարը երկար ժամանակ է, ինչ քննարկվում է, սակայն արևմտյան պատժամիջոցները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է միության շրջանակում ստեղծել շուկայական հարաբերություններ և տնտեսություն:
http://forbes.kz/finances/pochemu_rossiya_pedaliruet_ideyu_valyutnogo_soyuza_v_eaes/
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կենտրոնական բանկին և կառավարությանը կարգադրել է մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համագործակցելով, ուսումնասիրել կառույցի շրջանակներում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Դրանից շատ կարճ ժամանակ անց՝ մարտի 19-ին, Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում միասնական արժույթը մանրակրկիտ քննարկման է արժանացել:
Ղազախստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժաքսիլիքովը, անդրադառնալով միասնական արժույթ ստեղծելու գաղափարին, հայտարարել էր, որ Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը: Նա մասնավորապես նշել էր. «Ղազախստանը հստակ ու հետևողական դիրքորոշում ունի ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը բացառելու հարցում: Այդ հարցերը մենք չենք քննարկում: Դա օրակարգի հարց է: Նման աշխատանք չի կատարվելու»: Ընդ որում, փոխնախարարը հավելել է, որ ԵՏՄ շրջանակներում մինչև 2025 թվականը վերջիններս մտադիր են միայն ներդաշնակեցնել օրենսդրությունը ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում:
Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով միասնական արժույթի ստեղծման թեմային, նշել էր, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ: Այդ հարցը օրակարգում վերջինը պետք է լինի, ոչ թե առաջինը: Նա հավելել է. «Միասնական արժույթի ներդրումը վերջին ակտն է, որ կարող է լինել մեր միությունում: Եվրասիական տնտեսական միության առջև դեռ այնքան խնդիրներ և մարտահրավերներ կան, որ դեռ հարց է՝ կապրե՞նք արդյոք մինչև այդ միասնական արժույթը»:
Հարկ է փաստել, որ ԵՏՄ շրջանակներում Միասնական արժույթի անցնելու մասին զգուշավորությամբ է խոսվում: Միության ներկայացուցիչները համակարծիք են, որ միասնական արժույթի հարցում չի կարելի շտապողականություն ցուցաբերել, քանի որ հարցը պահանջում է բազմակողմանի և համապարփակ վերլուծություն:
Այս ֆոնի վրա, սակայն, հատկանշական է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մոտեցումը, ով հայտարարել էր, որ քանի դեռ ինքը Բելառուսի նախագահն է, միասնական արտարժույթ ԵՏՄ-ում չի կարող լինել:
Անդրանիկ Բարսեղյան