Միայն փողն ու մասնագիտական կրթությունը բավական չեն երգչուհի լինելու համար
LifestyleԵրգչուհի Անետ Աղաբեկյանը Հայաստանի ձայնը նախագծի մասնակիցներից է, ով երևանյան իրականության՝ ծանոթ - բարեկամ - զանգ արդյունքում, ի տարբերություն մրցակիցների, չհայտնվեց հաղթողների շարքում, բայց, միևնույն է, չկոտրվեց:
Օրերս կցուցադրվի նրա նոր տեսահոլովակը, որի շրջանակներում աշխատել են բավականին հայտնի մարդիկ:
-Ո՞վ է տեսահոլովակի ռեժիսորը, և ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայաթյանն է: Ես լիարժեք վստահել եմ նրան ու ողջ ընթացքում հետևել եմ նրա խոսքին: Առհասարակ, իմ կարծիքով, ուժեղ թիմ է աշխատել՝ խոսքերի հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան, երաժշտություն՝ Ռիչարդ Մադլենյան, գործիքավորումը՝ Karen Sevak, mix՝ Artur Bina:

-Սնկի նման աճող ու անհետացող երգչուհիներ կան: Չկա՞ վախ , որ կլինես նրանցից մեկը:
-Որ անկեղծ ասեմ, չկա վախ, որովհետև միայն փողով ու մասնագիտական կրթությամբ երգչուհի չեն դառնում: Բավականին ժամանակ է՝ ունեմ բեմական գործունեություն, թեկուզև փոքր, բայց ունեմ լսարան, ովքեր սիրում ու գնահատում են իմ կատարումները:
-Տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, մանավանդ, որ հետո դրանք համարվում են կորցրած փողեր՝ ոլորտում նորեկների համար: Ըստ քեզ, կկարողանա՞ս հետ վերադարձնել ներդրած գումարներդ:
-Իսկապես ահավոր թանկ է, մեծ գումարներ են ներդրվում, հատկապես նորեկները ովքեր դեռ չունեն կայուն եկամուտ, գնում են այդ համարձակ որոշումը իրագործելուն ու շատ դեպքերում դառնում է իզուր: Հույս ունեմ ՝ իմ տարբերակում այդպես չի լինի, որովհետև յոթ ամիս թիմային աշխատանք է տարվել, որպեսզի ներկայանանք առավելագույնս լավ ձևով ու հավատում եմ, որ գումարներս հետ կբերեմ:

-Երգիչներ կան, ովքեր, չունենալով ձայնային տվյալներ, վարկով, տոկոսով գումար են ձեռք բերում՝ տեսահոլովակ նկարելու, ցուցադրվելու համար: Դա արդարացվա՞ծ է, թե՞ կարելի է սիրված լինել նաև ռեստորանում երգելով:
-Չեմ ցանկանա փնովել ոչ մեկին, բայց իրականում կա նման բան: Կան երգիչներ, ովքեր դժվարանում են ներկայանալ կենդանի կատարմամբ ու նախընտրում են մեկ այլ կերպ գրավել հանդիսատեսին, օրինակ՝ միայն տեսահոլովակով, արհեստական անհասանելիությամբ: Չեմ ամաչում, չեմ թաքցնում, որ երգում եմ ռեստորանում ամեն օր, մի քանի ժամ շարունակ՝ կենդանի նվագակցությամբ, որտեղ հնարավոր չէ հանդիսատեսին խաբել: Համեստություն չանեմ ասելով՝ կան մարդիկ, ովքեր անդավաճան երկրպագուներ են:
- Ռեստորանում երգելու առավելությունները ու բացասական կողմերը:
-Ռեստորանում կարողանում ես ամեն օր գումար վաստակել, իսկ բացասական կողմեր կան, ինչպես մյուս բոլոր ոլորտներում, որոնք պետք է հաղթահարել:
- Մասնակցեցիր Հայաստանի ձայնը նախագծին: Ի՞նչ տվեց այն քեզ:
-Հնարավորություն ունեցա շփվել պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ամրապնդել այն, ինչ ես ունեի: Միաժամանակ հասկացա անչափ կարևոր մի հանգամանք. եթե բնությունը քեզ տվել է շնորհ, ապա անընդհատ պիտի կատարելագործես, անդադար աշխատես:

-Հանրային դեմք դառնալու համար պատրա՞ստ ես ամեն ինչի :
-Ես ուժեղ մարդ եմ ինձ համարում ու չեմ վախենում ոչ մի տեսակի ոճային փոփոխությունից: Երգչուհին իր էությամբ պետք է լինի արտիստ, միայն ձայնը բավական չէ. կերպարդ պիտի լինի ամբողջական, խենթացնող:
- Այդ ճանապարհին ի՞նչ չես անի :
-Չեմ դավաճանի իմ մարդ տեսակին, չեմ վաճառվի :

-Տեսահոլովակը ինչ-որ բան կփոխի՞ քո կարիերայում :
-Կարծում եմ ՝ այո: