Գեղարքունիքի մարզում վարակի փոխանցման միջոցը թութն է եղել
SocietyԳեղարքունիքի մարզում թթի միջոցով զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ լաբորատոր միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում պարզվել է վարակի պատճառը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Թութը աղիքային վարակի փոխանցման միջոց է եղել: Մենք արդեն կատարել ենք լաբորատոր հետազոտություններ հիվանդների մոտ, թթից փորձանմուշ է վերցվել: Պարզվել է, որ թթենու անմիջական հարևանությամբ գտնվել է անասնագոմ: Թութը չի լվացվել, փակ տարաներով բերվել և վաճառվել է »,- ասաց մասնագետըˋ հավելելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում շփման միջոցով վարակի տարածումը կանխելու համար:
Վանյանը նաև տեղեկացրեց, որ աղիքային վարակված հիվանդներն արդեն ապաքինվել և դուրս են գրվել: Վարակի աղբյուրը եղել է սալմոնելա հարուցիչը, որի կրողները կենդանիներն են:
Սալմոնելաները շրջակա միջավայրում չափազանց կայուն են. չորացած կղանքային զանգվածում, հողում պահպանվում են տարիներ, -10 աստիճան ջերմության պայմաններում՝150 օր, սենյակի փոշում՝ 80 օր: 9 սմ հաստություն ունեցող 400գ մսի՝ սալմոնելաներ պարունակող կտորը վարակազերծելու համար պետք է եռացնել մոտ 2.5 ժամ:
Հարուցիչը կարող է մարդու մարմնին փոխանցվել կեղտոտ ձեռքերի, վարակված ջրի, սննդամթերքի միջոցով: Դրանք կարող են տարածվել ավերված բնակավայրերում, որտեղ խափանված են կոյուղին, ջրամատակարարման համակարգերը: