Քաղծառայողների աշխատանքի գնահատման նոր մոդելը փորձնական կիրառության մեջ կդրվի 2016թ-ին
SocietyՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հունիսի 9-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնության» (ԶՔԳ) ծրագրի երրորդ փուլի շրջանակում իրականացվող քաղաքացիական ծառայության գրավչության բարձրացման և քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականցվող գործընթացները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից, ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ ներկայումս քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման մշակվող նոր մոդելի ընդհանուր նկարագիրը, կառուցակարգը, այն հիմնական սկզբունքները, որոնք ընկած են լինելու գնահատման ցուցանիշների, չափորոշիչների, ինչպես նաև արդյունքների հստակեցման և սահմանման հիմքում: Նախատեսվում է, որ վերջնական մշակումից հետո նոր մոդելը կարող է փորձնական կիրառության մեջ դրվել արդեն 2016թ, որի արդյունքների հիմա վրա կատարվելիք շտկումներից հետո 2017թ. այն լիարժեքորեն կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում:
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն ընդգծել է քաղաքացիական ծառայողների աշխատանքի արդյունքների և նրանց անձնական որակների, հմտությունների գնահատման մեխանիզմները զուգահեռ և ներդաշնակ ներդնելու անհրաժեշտությունը` դրանք շաղկապելով ինչպես քաղաքացիական ծառայողների կարիերային աճի, այնպես էլ նրանց մասնագիտական թիրախային վերապատրաստումների, ֆինանսական խրախուսման կառուցակարգերի հետ: Նա նշել է նաև, որ իբրև համակարգի գրավչության բարձրացման և կատարվող բարեփոխումների արդյունավեության հիմնական որակական ցուցանիշ, կարող է դառնալ մասնավոր հա տվածից դեպի քաղաքացիական ծառայության համակարգ կադրերի հոսքի դինամիկայի մշտադիտարկումը:
Համաշխարհային բանկի ԶՔԳ ծրագրի քաղաքացիական ծառայության բաղադրիչի մասով համակարգող Դոնատո դե Ռոսան նշել է, որ կատարվող գործընթացների մակարդակը ծրագրի չորրորդ փուլին անցնելու լավ նախադրյալներ են ստեղծում` ավարտելու համար քաղաքացիական ծառայության համակարգում սկսված բարեփոխումների ներկայիս շրջափուլը: