«Նոր անուններ» ծրագրի մասնակիցները հանդես եկան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
CultureՀայաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցներն առաջին անգամ հանդես եկան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հունիսի 9-ին անցկացված համերգին պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Երաժշտագետ Նոնա Ոսկանյանն ընդգծեց, որ Հայաստանի «Նոր անուններ»-ը ժամանակ առ ժամանակ համերգներ է ունենում մայրաքաղաքի տարբեր համերգասրահներում: «Մեզ համար շատ պատվաբեր է, որ առաջին անգամ հրավիրվել ենք ելույթ ունենալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Կանգ ենք առել այն ստեղծագործությունների վրա, որոնք Կոմիտասի հետ կապ ունեն: Համերգի մասնակիցներից ամենափոքրիկը հինգ տարեկան է»,- նշեց նա:
Երաժշտագետի խոսքով՝ մասնակիցները բոլորն էլ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են և տարբեր դպրոցների լավագույն սաներ:
Պատանի երգիչ Նարեկ Բալդրյանը «Նոր անուններ» ծրագրի մասնակիցներից է: «Երգում եմ, նվագում դաշնամուր և կլարնետ: Համերգների հաճախ եմ մասնակցում՝ ամսվա ընթացքում 8-9 անգամ»,- նշեց երգիչը՝ հավելելով, որ սիրում է բեմում տիրող մթնոլորտը և ելույթին հաջորդող ծափահարությունները: «Կոմիտասն իր երգերի մեջ հայ ժողովրդին է ներկայացում»,- այսպես է պատանի երգիչը բացատրում իր սերը Կոմիտասի նկատմամբ:
Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է 1989-ից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ: 2011 թվականից «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
Ծրագիրը մինչ օրս հաջողությամբ է կատարում իր առաքելությունը՝ հայտնաբերելով և զորավիգ լինելով պատանի տաղանդներին, այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին: «Նոր անուններին» անդամագրված են 10-18 տարեկան շուրջ 30 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ հանրապետության երաժշտական կրթօջախների սաներ, միջազգային և հանրապետական մրցույթների, փառատոնների դափնեկիրներ: