ՀՀ քաղաքաշինության նախարարը խոսել է մինչև հաջորդ տարի «աղետի գոտի» հասկացությունից «ազատվելու» մասին
SocietyՄինչև տարեվերջ ՀՀ բյուջեից 1 մլդ 400 մլն դրամ գումար կհատկացվի Շիրակի մարզպետարանին, Գյումրիում անօթևանության խնդրի լուծման՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրի շարունակության համար: Անցյալ տարի Գյումրիում բնակարանի գնման վկայագիր ծրագրով 230 ընտանիքի բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվել էր նույնքան գումար: Ախուրյանի 3 բնակելիների՝ 104 բնակարանով, շինարարությ ունը շարունակելու համար անհրաժեշտ է մոտ 700 մլն դրամ: Եթե գումարի ոչ ամբողջ հատվածը, ապա մի մասը կտրամադրվի այս տարի:
Այս մասին հունիսի 9-ին Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Հնարավոր է, որ գումարը տրամադրվի ամբողջությամբ. դեռ ՀՀ կառավարությունում որոշ հարցեր կան քննարկվելու, բայց որ Ախուրյանում այս խնդիրը կլուծվի այս տարի, կամ ծայրահեղ դեպքում 2016 թվականի առաջին կեսին՝ դա կարող եմ շատ հստակ ասել: Սա պետք է իրականացվի «Գլենդել Հիլզ» ընկերության հաշվին: «Գլենդել Հիլզ»-ը Երևանում ունի ակտիվներ, և այդ ակտիվների վաճառքից պետք է այդ գումարը ձևավորվի: Եթե արագ կարողացանք այդ վաճառքը կազմակերպել, դա կիրականացնեք, եթե ոչ՝ Կառավարությւնը կմիջամտի: ՀՀ կառավարությունը Ախուրյանում շինարարության իրականացման համար «Գլենդել Հիլզ»-ին գումարներ փոխանցել է՝ չեմ կարող ասել՝ ամողջությամբ, թե՝ ոչ, բայց որ «Գլենդել Հիլզ»-ը պարտավորություն ունի, որը չի կատարել՝ դա միանշանակ է: Նաև Գյումրիում՝ «Գլենդել Հիլզ»-ն ունի շինարարական թերությունների վերացման պարտավորություն:
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի բնակարանաշինական խնդրի լուծման համար գումարներ կտրամադրվեն 2016 թվականին»,- հայտնեց Նարեկ Սարգսյանը: Անդրադառնալով Գյումրիում «Մուշ -2» թաղամասում նորակառույցների սեփականաշնորհման երկար սպասված գործընթացին՝ նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից գործընթացն արդեն մեկնարկել է. 37 շենքերից 2-ի բնակիչներն ամբողջությամբ արդեն ստացել են վկայագրերը: Ընդհանուր առմամբ, խոսելով «աղետի գոտի» հասկացության մասին, նախարարը նկատեց, որ մինչև հաջորդ տարի պետք է «ազատվենք» դրանից:
«Դա իմ ա նձնական մոտեցումն է, և ՀՀ կառավարությունը լիարժեք կիսում է այն, քանի որ մենք չենք կարող 27 տարի՝ անընդատ խոսել աղետի գոտու մասին: Մենք արդեն հիմա ենք մտածում Գյումրիի զարգացման վերաբերյալ: Ես արդեն մեկ անգամ հայտարարել եմ՝ պետք չէ Գյումրին դիտարկել մյուս քաղաքների նման՝ հանրապետության համաչափ զարգացման ենթատեքստում, այլ Գյումրին պետք է դիտարկել մայրաքաղաքային գործառույթներ ունենալու ենթատեքստում: Սա խիստ կարևոր է: Երևանից հետո Գյումրին միակ քաղաքն է, որ իր վրա կարող է վերցնել մայրաքաղաքային գործառույթներ՝ այստեղ դեսպանատներ, բուհեր, նախարարություններ, ընտրովի մարմիններ տեղակայելու առումով: Ես այսպես եմ տեսնում Գյումրիի զարգացումը և համոզված եմ՝ բոլորը կիսում են այս կարծիքը: Սա մեկ օրվա բան չէ, դրա համար պետք են քննարկումներ»,- ավելացրեց Նարեկ Սարգսյանը:
Այցի ընթացքում Շիրակի մարզպետարանում Նարեկ Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են քաղաքաշինական խնդիրներ, այդ թվում նաև Գյումրիում որոշ տնակային տարածքների սեփականաշնորհման, վթարային կառույցների հետագա ճակատագրի հետ կապված: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի հետ կապված որոշ խնդիրներ: