«Ժառանգություն» կուսակցության համակրին սպառնում են
Society2013 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելուց հետո Նոյեմբերյանում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Սարգիս Աբովյանի կյանքը իսկական դժոխքի է վերածվել. սպառնալիքներն ու սադրանքները նրա նկատմամբ տոտալ բնույթ են կրում: Լինելով «Ժառանգություն» կուսակցության համակիր և հետևորդ՝ Սարգիսը համապետական ընտրություններին և քաղաքական այլ միջոցառումների ժամանակ սատարել է «ժառանգությանը» և, բնականաբար, 2013 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ փորձելով հնարավորևինս կանխել ընտրակեղծիքներն ու պայքարել ընդդիմության թեկնածուի հաղթանակի համար: Այն տեղամասում, որտեղ պայքարում էր Սարգիս Աբովյանը՝ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո իշխանությունները ամենօրյա ռեպրեսիաների շարք են սկսել ընտրակեղծիքների դեմն առած և Հովհաննիսյանին պաշտպանած անձանց նկատմամբ:
Խնդիրն այն է, որ առաջիկայում նախատեսվում են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացում՝ իշխանության վերարտադրության նպատակով, և թաղային խուժանն ու իշխանության հենարանը հանդիսացող քրեական տարրերը սկսել են ընդդիմադիր քաղաքացիներին երկրի քաղաքական կյանքից հեռացնելու գործընթացը: Այս առումով բացառություն չեն կազմել Սարգիս Աբովյանն ու նրա դուստրը:
Երեկ մենք տեղեկատվություն ստացանք, որ հունվարի 8-ին ուշ երեկոյան Աբովյանի դուստրը Նոյեմբերյան քաղաքում հետապնդման է ենթարկվել առանց պետ. համարանիշների Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով իրեն հետևող անծանոթների կողմից, ովքեր և սպառնացել են՝ ձեր ակտիվության ու տարաբնույթ հակակառավարական ակցիաների մասնակցության համար կարող եք կյանքով վճարել: Աբովյանների համար սա միակ դեպքը չէ. նմանատիպ սպառնալիքներ են հնչել թե նախագահական ընտրությունների նախօրեին, թե քվեարկության օրը, թե դրանից հետո:
Մեր թղթակցի հետ զրույցում Սարգիս Աբովյանը հրաժարվեց մեկնաբանել միջադեպը, միայն նշեց, որ Հայաստանում ապրելն այլևս անհնար է դարձել, որովհետև անգամ ամենատարրական քաղաքացիական իրավունքներն իրացնելիս ինքը և իր դուստրը կարող ես հայտնվել մահվան վտանգի առաջ: