Եռաբլուրում 2016թ. դռները կբացի Ազատամարտիկների թանգարանը
Society«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքում 2016թ. իր դռները կբացի ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառուցվող Ազատամարտիկների թանգարանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագծային հաշվարկներին և իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանեթոն է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը շրջել է պանթեոնում, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ գերեզմանաքարերի շրջակա տարածքներում բարեկարգման աշխատանքներ և շաբաթօրյակներ կազմակերպելու, ըստ այդմ՝ ուխտատեղի դարձած Եռաբլուրի բարձունքը քաղաքացիների այցելությունների համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին հատկապես Ազատամարտիկների թանգարանի նախագծային-հաշվարկային աշխատանքները, որոնց կապակցութամբ մանրամասն տեղեկություններ ներկայացրին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, կառուցման աշխատանքներին ներգրավված ճարտարապետներն ու պատասխանատու այլ մասնագետները, ովքեր հավաստիացրին, որ շինարարական և կահավորման աշխատանքների ավարտից հետո երկհարկանի շինությունն ամբողջովին համահունչ կլինի ժամանակակից թանգարանային պահանջներին:
Հատկանշական է, որ որպես զոհված հերոս հայորդիների քաջագործությունն ու սխրանքը վերաարժևորելու ևս մեկ կարևոր հարթակ՝ ազատամարտիկների թանգարանը կունենա գեղեցիկ ցուցասրահներ, ինչպես նաև տեսաֆիլմերի դիտասրահ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով: