Ռիգայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում հունիսի 10-ին Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատիշերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Գիրքը անգլերենից լատիշերեն թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գրքի շնորհանդեսին ներկա են եղել Լատվիայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, Սաեյմայի (խորհրդարան), ԱԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Լատվիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, «Յումա վա» հրատարակչության տնօրեն Յուրիս Վիսոցկիսը, ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, վեպի թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:
Միջոցառման վերջում հանդիսատեսին ներկայացվել են հայկական մշակույթի գործեր, Լատվիայի հայ ականավոր գործիչ, Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը կատարել է հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, իսկ հայ համայնքի պատանիներն ու երիտասարդները արտասանել են հայկական բանաստեղծություններ և ժամանակակից երգեր: