Լինելու է մեծ բախում, բայց դա լինելու է ոչ թե հիմա, այլ մինչև խորհրդարանական ընտրությունները. Նարեկ Գալստյան
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով թեժ աշնան մասին խոսակցություններին՝ ասաց, թե ամռան սկզբում բազմաթիվ քաղաքական գործիչներ խոստանում էին, որ ունենալու ենք թեժ աշուն: «Տարիներ ի վեր լսում ենք այդ խոսակցությունները, սակայն դրանք այդպես էլ մնացել են որպես խոսակցություններ»,-ասաց Նարեկ Գալստյանը՝ ընդգծելով, որ իրականում ինքը սպասում է, որ լինելու է մեծ բախում, բայց դա լինելու է ոչ թե հիմա, այլ մինչև խորհրդարանական ընտրությունները: «Ընթանալու է ոչ թե գաղափարների պայքար, այլ լինելու է աթոռի և պաշտոնի կռիվ, այդտեղ մասնակցություն է ունենալու օլիգարխիան, որն այս ազգի քաղցկեղն է: Մարդկանց սպասումները հերթական անգամ չեն իրականանալու և լինելու է հիասթափությունների շքերթ»,-ասաց Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով այդ սպասվող բախումը սասանելու է մեր պետականության հիմքերը. «Սպասել, թե աշնանն ինչ-որ լուրջ բան է լինելու՝ չեմ կարծում: Բոլոր քաղաքական ուժերը վերադասավորումների մեջ են»: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետն ասաց, թե երկու ամսից ՍԴՀԿ-ն հանրահավաք է հրավիրելու. «Չեմ կարող ասել, թե այդ հանրահավաքը քաղաքական բեկում է մտցնելու, բայց մենք մեր խոսքն ասելու ենք»: Խոսելով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին՝ Նարեկ Գալստյանն ասաց, թե խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակից ոմանք սպասարկելու են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: «Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է, դա փաստ է»,-եզրափակեց նա: