Այս տարի ջրի սակագնի փոփոխություն չի լինելու. Արամ Հարությունյան
SocietyՀայաստանում այս տարի ջրի սակագինը չի բարձրանալու: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: «Այս տարվա համար գնային փոփոխություն չի լինի: ՀՀ կառավարությունում ջրի սակագնի հետ կապված տարբեր խնդիրներ և մեխանիզմնե ր են առաջադրվել, որոնք դեռևս քննարկման փուլում են»,- հայտնեց նա:
Հարցին` էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ՀՀ կառավարությունը կավելացնի՞ ջրային ոլորտի սուբսիդավորումը, նա ասաց հետևյալը. «Անշուշտ, մենք ավելացող ծախսերը կներկայացնենք կառավարությանը և հուսով ենք, որ կառավարությունը կլուծի այդ հարցը»:
Նա նկատեց, որ ներկայումս իրականացվել է ջրային ոլորտում բարեփոխումների առաջին փուլը: «Բարեփոխումների առաջին փուլում միավորվել են 42 ջրօգտագործող ընկերություններ: Բացի այդ`մենք արդեն երկու ամիս է` սկսել ենք ջրաչափության գործընթացը, որի ընթացքում տեղադրել ենք 81 ջրաչափական հանգույց, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց Արամ Հարությունյանը և հավելեց, որ ժամանակակից ջրաչափիչ հանգույցների տեղադրման գործընթացը շուտով կավարտվի, ինչի արդյունքում ջրի կորուստները հասցվելու են նվազագույնի: