«Ֆրանսերեն»-ի միասնական քննությանը Շիրակի մարզից մասնակցել է ընդամենը 7 դիմորդ
SocietyՇիրակի մարզից հունիսի 12-ին «Ֆրանսերեն»-ից միասնական քննության է մասնակցել 7, «Գերմաներենի» միասնական քննության՝ 35 դիմորդ: Այս երկու առարկաների քննական գործընթացը մարզում կազմակերպվել էր թիվ 21 քննական կենտրոնում, փոխարենը՝ «Անգլերեն»-ն անցկացվել է թիվ 21 և 10 դպրոցներում տեղակայված երկու քննական կենտրոններում: Ի դեպ, այս քննությունների ընթացքում կրկին մեծ էր բացակաների թիվը:
Ինչպես տեղեկացրեց թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանը, «Անգլերեն»-ից հայտագրված 183 դիմորդից 9-ը բացակա են եղել, «Գերմաներեն»-ի 37 դիմորդից 2-ը չեն ներկայացել քննության, իսկ «Ֆրանսերեն»-ի 8 դիմորդից ներկա էեն եղել 7-ը:
Քննությունը մեկնարկեց ժամանակին, կենտրոնում միջադեպեր չեն գրանցվել: «Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին միջադեպեր չեն լինում. սա խոսում է այն մասին, որ և՛ ընտրական հանձնաժողովն է ավելի վարժվել, և՛ դիմորդներն են ավելի պատրաստված: Առաջին տարվա միջադեպերն այլևս չեն կրկնվում: Քչացել են նաև հեռախոսներից օգտվելու դեպքերը, թեև անցած տարի հնարամիտ դիմորդներ գտնվել են. ինքնաշեն ռադիոսարք, շտեմարաններ՝ ներբեռնված ժամացույցի և հաշվիչի մեջ»,-նշեց Ալեքսան Եսայանը:
Գյումրու թիվ 10 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում գրեթե նույն իրավիճակն էր: Այստեղ դիմորդները քննություն էին հանձնում միայն «Անգլերեն»-ից: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանը, կենտրոնում 239 դիմորդից քննության էին ներկայացել 231-ը: