Շանթ Հարությունյանը հինգ օր է` անժամկետ հացադուլ է հայտարարել
SocietyՇանթ Հարությունյանը հունիսի 8-ից «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ՝ իրեն առանձին խուց տեղափոխելու պահանջով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչեւ ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։
Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով եւ հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչեւ իր պահանջի կատարումը»,- գրել է Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: