Մետաղակազմ հայկական 220 ձեռագրեր նոր կյանք են ստացել գերմանացի մասնագետների շնորհիվ
SocietyՄաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում պահվող ավելի քան 220 մետաղակազմ ձեռագրեր նոր կյանք են ստացել գերմանացի մասնագետների շնորհիվ: Հունիսի 13-ին Մատենադարանի վերականգման բաժնում տեղի ունեցավ գերմանացի ռեստավրատորներ Մարգրեթ Յաշկեի և Ռոբերտ Շթեհլեի նորոգած հայկական ձեռագրերի արծաթյա կազմերի ցուցադրությունը: «Այս տարի գերմանացի մասնագետների աշխատանքների շնորհիվ նորոգվել է 12 ձեռագիր և Õ �եկ հնատիպ գիրք, իսկ ընդհանուր առմամբ՝ նոր կյանք է ստացել 200-ից ավելի ձեռագիր: Ամրացվել են կազմերի վրայից բացակայող կամ թուլացած բոլոր մասերը: Մենք շատ ուրախ ենք ընձեռված հնարավորության համար, որի շնորհիվ ձեռագրատանն արդեն գրեթե չկան անհապաղ նորոգման կարիք ունեցող ձեռագրեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մատենադարանի Վերականգման բաժնի ղեկավար Գայանե Էլյազյանը:
Հին ձեռագրերի կազմերի վրա գերմանացի մասնագետներն սկսել են աշխատել 2001 թվականից` համագործակցելով Մատենադարանի վերականգման բաժնի աշխատակիցների հետ: Վերականգման ենթակա կազմերը լուսանկարվել և չափագրվել են Հայաստանում, ապա ուղարկվել Գերմանիա, որտեղ էլ պատրաստվել են առանձին մասերը: «Բոլոր ձեռագրերն անգին են և հետաքրքրիր, առանձնանում են իրենց գեղեցկությամբ ու նրանց վրա կատարված աշխատանքի դժվարությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մարգրեթ Յաշկեն` ներկայացնելով վերականգնման առանձնահատկություններÕ ¨:
Նրա խոսքով` աշխատանքի ամենադժվար մասն սկզբում էր, երբ իրենք դեռևս չէին տիրապետում հայկական ձեռագրերի հետ աշխատելու հմտություններին: Բացը հնարավոր եղավ լրացնել երկարամյա փորձառության և ուսումնասիրությունների միջոցով:
Արվեստաբան Ռոբերտ Շթեհլեն, ով մտադիր է մինչև կյանքի վերջ աշխատել հայկական ձեռագրերի կազմերի նորոգման վրա, իր հերթին նշեց, որ որոշ կազմեր ունեն հատուկ` տիպիկ հայկական ձեռագրերի կազմերին բնորոշ փականներ: «Այդ դեպքում բացակայող մասերը մենք պատրաստել ենք պահպանված բնօրինակների հիման վրա: Կազմերի պատրաստման եղանակների և ժամանակշրջանի մասին որոշ տեղեկություններն էլ պահապանվել են ձեռագրերում»,- ասաց նա:
Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Վերականգնման բաժինը համագործակցում է նաև արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ, ինչպիսիք են Բեռլինի ազգային գրադարանը, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանը: Մատենադարանի հավաքածուների պահպանման և վերականգնման աշխատանքներից բացի, այն աշխատանքներ է տանում Հայաստանի թանգարանների և գրադարանների, ինչպես նաև սփյուռքի նույնատիպ հավաքածուների կոնսերվացման և վերականգնման ուղղությամբ: