Սեյրան Օհանյանը հետևել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին
SocietyԱմենամյա «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եզրափակչին ներկա են եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանությ ան նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Այս տարի «Դյուցազուն»-ի որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի քսանհինգին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական պատրաստության ստուգողական վարժություններով, այնուհետև անցկացվել են հաջորդ փուլերով նախատեսված ստուգումներ` հրաձգություն, օդադեսանտային պատրաստության պարապմունքներ` ներառյալ վերգետնյա պատրաստություն և պարաշուտային դարսումներ, թռիչքներ` ուղղաթիռից: Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է արգելագոտու հաղթահարում վարժությունը, այնուհետև` գիշերային պայմաններում ստուգվել են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այն է՝ տեղանքի բնական և արհեստական արգելքների հաղթահարում: Երթարշավից հետո՝ հունիսի 13-ին, զորամասի տարածքում անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլում անցկացված ձեռնամարտի և բազմամարտի մրցումների արդյունքում ընտրվեցին լավագույն զինծառայողները, որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական սև բերետներ: Բերետները կրելու իրավունք դյուցազունները կունենան մեկ տարվա ընթացքումª մինչև մյուս ստուգատեսը: Հաղթող ճանաչված զինծառայողների համար սահմանված է նաև ամենամսյա պարգևավճար:
«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ ամենակարևորը՝ մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: