ՏԿԱԻՆ հաշմանդամ աշխատակիցները մասնակցեցին Հայաստանի ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությանը
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 11 սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների մասնակցությամբ կայացել է Հայաստանի ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը: ՃԿԿ-ի աշխատակիցներն առաջնությանը հանդես են եկել կատա և կումիտե մրցաձևերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, մրցավարական անձնակազմը բարձր է գնահատել հաշմանդամ մասնակիցների սպորտաձևին տիրապետելու հմտությունները: Կումիտե մարզաձևում ՀՀ ՏԿԱԻՆ մասնակիցներից Արթուր Եղիազարյանը, Սևակ Մխիթարյանը և Արտյոմ Սահակյանը տղաների մրցաշարում գրավել են համապատասխանաբար առաջինից երրորդ տեղերը, իսկ աղջիկների մրցաշարում առաջինից երրորդ տեղերը գրավեցին, համապատասխանաբար, Մերի Մանուկյանը, Մերի Մեհրամյանը և Գոհար Նավասարդյանը:
Առաջնությունն անցկացվել է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության աջակցությամբ: Այս ծրագրի շրջանակում նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների, վերապատրաստման դասընթացներ անցկացնել ֆրանսահայ մարզիկ, Հայաստանի և Եվրոպայի կարատեի չեմպիոն Արթուր Ավետիսյանի հետ, ով այցելել էր ՏԿԱԻ նախարարություն:
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունել և շնորհակալություն է հայտնել նախաձեռնությունն իրականացնողներին: «Ուրախ եմ ողջունելու ձեզ, մասնավորապես, առաջնությանը մասնակից իմ գործընկերներին: Երբ նրանց աշխատանքի էինք ընդունում, ինքներս էլ չէինք հավատում նման արդյունքների: Եկան մարդիկ, ովքեր ոչ միայն ոտքի կանգնեցին, ոգևորեցին և հույս տվեցին շատերին, այլև խոցելի խավից դարձան գործընկեր»,- ասել է Գրիգորյանը:< /p>
Հայաստանում ճապոնական կարատեի JKA Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանին փոխանցել է Հունաստանի ճապոնական կարատեի ասոցիացիայի շնորհակալագիրը` ուղղված ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին` «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրին արձագանքելու և անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:
Մրցաշարն անցկացվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության, «Ունիսոն» ՀԿ-ի և ճապոնական կարատեի JKA Armenia ասոցիացիայի նախաձեռնությամբ: Կարատեի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան 131 մարզիկ: