Երևանի բակերում շաբաթօրյակներ են անցկացվել
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպվելու են շաբաթօրյակներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս շաբաթ, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների հարակից հատվածների ու այգի-պուրակների, սանմաքրման աշխատանքներ են ծավալվել նաև բակային հատվածներում:
Գործընթացն իրականացվել է վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների մարդկանց ուժերով ու տեխնիկայով: Սանմաքրմանն ու բարեկարգմանը միացել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատակիցները, ովքեր պատշաճ տեսքի են բերել իրենց բուժհաստատությունների բակային տարածքները:
Աշխատանքների ընթացքին վարչական շրջաններում հետևել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: