Ես առայժմ պետք եմ պատկերասրահին. Փարավոն Միրզոյանը կաշխատի նոր տնօրենի հետ
SocietyՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնից 65-ամյակը լրանալու կապակցությամբ հեռացած եւ այժմ որպես խորհրդական աշխատող Փարավոն Միրզոյանը շնորհավորում է Արման Ծատուրյանին՝ մրցույթում անցնելու կապակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փարավոն Միրզոյանն ասաց, որ Արման Ծատուրյանի հետ իր հարաբերությունները լավ են: «Ինքը եղել է մեր ուսանողը, իմ կարծիքով՝ կաշխատենք, որեւէ խոչընդոտ չկա: Կարծում եմ՝ ես առայժմ պետք եմ պատկերասրահին»,-ասաց խորհրդական Փարավոն Միրզոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի 2 փուլերն էլ հաղթահարել է Արման Ծատուրյանը: Մրցույթը անց է կացվել երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով: Սաթենիկ Վարդանյանը չի հաղթահարել գրավոր փուլը, իսկ Արթուր Ավագյանը չի հաղթահարել 2-րդ փուլը: Առաջիկա 3 օրերի ընթացքում պաշտոնին կնշանակվի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուն: