2-ամյա Լիայի մահվան մեջ մեղադրվող բուժաշխատողները համաներմամբ ազատվեցին պատժից
Society«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 15-ին, գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին դատապարտեց 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման: Նշանակված պատիժը համաներմամբ չկիրառվեց, իսկ ամբաստանյալների խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը կհանվի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը վրդովվեց վճռից եւ դիմեց մահացած երեխայի հորը. «Իրա արեւին պապա ա, ինքը երեխուն սպանել ա, մեզ ա դատի տալիս»:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք գոհ են դատարանի որոշումից եւ չեն բողոքարկելու այն:
«Վճիռը նորմալ է, մենակ կցանկանայի իրենց ղեկավարները, որոնք նշանակել են իրենց հերթապահության, իրանք էլ լինեին վճռի մեջ, քանի որ իրենց մեղքն ավելի շատ է: 2 եւ 2,5 տարին նորմալ ա , ավելի չարժեր, պետք ա գոնե մի քիչ ֆայմեին, ներողություն խնդրեին եւ ցավակցեին»,-ասաց նա:
Նշենք որ մեղադրողը Լիլիթ Վարդանյանի համար պահանջել էր 2, իսկ իսկ Զարինե Այվազյանի համար 3 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը բողոքարկելու է վճիռը:
Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: