Անհնար է կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը. Հրանուշ Հակոբյան
SocietyՀնչակյան 20 քաղաքական գործիչների նահատակությունը ծրագրված էր Թուրքիայի կողմից` պետական մակարդակով, եւ այսօր` 100 տարի անց, Հայ դատը պետք է հասցնել իր ավարտին՝ քայլ առ քայլ աշխարհին ներկայացնել եւ վեր հանել այն սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1895-1923թթ.: Գնահատականը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է:
«Հայ դատը պետք է չնահանջի, եւ հայ ժողովուրդը պետք է միասնական շարունակի իր պայքարը հանուն արդարության: Այս հարցում իր ուրույն տեղն ունի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը, որը 100 տարի առաջ կանգնած է եղել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ակունքներում եւ այսօր էլ սփյուռքի իր կառույցներով օժանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- հունիսի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում ՍԴՀԿ 20 գործիչների նահատակության 100 -րդ տարելիցին նվիրված գիտաժողովում ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի ներկայացմամբ, այսօր հայ ժողովուրդն ավելի ուժեղ է եւ համախմբված: «Մենք տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է օրակարգային շատ երկրների համար: Անհնար է, որպեսզի այդ ճանաչումների քաղաքականությունը թուրքերը կարողանան կանգնեցնել: 21-րդ դարի հայը կիրթ է, գրագետ, կազմակերպված: Նրան այդ հարցում շարունակելու է աջակցել հայկական սփյուռքը, եւ միասնական ջանքերով հասնելու ենք հաջողության»- ասաց նախարարը: