Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններին» Հայաստանը ներկայացել է իր զբոսաշրջային հնարավորություններով
CultureԼիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում հունիսի 12-14-ը տեղի է ունեցել «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, մասնակցել է նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Լիոնի քաղաքապետ-սենատ որ Ժերար Կոլոմբը հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, այցելել է հայկական տաղավար:
Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետը պաշտոնական ընթրիք է մատուցել, որին մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը:
Երեք օր տևած միջոցառումների ընթացքում հայկական տաղավարում կազմակերպվել է Հայաստանի բնապատկերներներն ու մշակույթը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև ներկայացվել զբոսաշրջության մասին համապարփակ տեղեկատվություն: Օտարերկրյա այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող նյութերին: Հայկական մշակույթի ներկայացումը համալրել է «Նաիրի» պարային համույթը` հայկական երգ ու պարով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես: