Հայտնի են Թբլիսիում ջրհեղեղից զոհված երեք հայերի անունները
SocietyՎրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով` Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Վիրահայոց թեմից տեղեկացանք, որ նրանց տեղափոխվելու են Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի հոգեհանգստի արարությունը: Եղիազարովա քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է:
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների:
Լուսանկարը` AP