Իշխանություններն ամենաշատն են մտահոգված էլեկտրաէներգիայի թանկացմամբ. Գալուստ Սահակյան
SocietyԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ամենաշատը մտահոգում է հենց իշխանություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն հարված է քաղաքացու գրպանին, այլ նաև բացասական հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության վրա: «Կառավարությունն այս ամենը շատ լավ գիտակցում է, ուստի ամենաշատն է մտահո գված այս հարցով: Մեզ համար այս թանկացումը, բնականաբար, ցանկալի չէ, սակայն կառավարությունը ցանկություններով չէ, որ պետք է առաջնորդվի»,- նշեց Սահակյանը:
Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի թանկացումը բեռ չլինի:
ԱԺ նախագահը կիսեց էլետրաէներգիայի թանկացմանը նվիրված խորհրդարանական լսումների վերաբերյալ իր տպավորությունները: Սահակյանն ընդգծեց, որ լսումներն արդյունավետ են անցել, որի ընթացքում ներկայացվել են էլետրաէներգիայի թանկացման հիմնավորումները: «Լսումների արդյունքում պարզ դարձավ, որ թանկացում կլինի, ինչը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած խնդիրների հետ: Դուք քաջատեղյակ եք, որ դոլարի փոխարժեքը բարձրացավ մոտ 60 դրամով, իսկ եթե նման բարձրացում է եղել, այդ 6.93 դրամ թանկացումը պետք է լիներ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չմասնակցեց լսումներին, Սահակյանն ընդգծեց, որ նա չի ներկայացել լսումներին իր ասելիքը հիմնավորել չկարողանալու պատճառով: ԱԺ նախագահն ընդգծեց, որ լսումներին Բիբինի չներկայանալը իրեն չի վիրավորել, քանի որ նա ընդամենը հիմնարկի տնօրեն է: «Ես ինչո՞ւ պետք է հիմնարկի տնօրենից վիրավորվեմ: Այնքան մարդ կա, որ հրավիրում ենք, չեն գալիս, հիմա ի՞նչ, բոլորից պետք է նեղանա՞մ»,- նշեց Սահականը:
Անդրադառնալով Եվգենի Բիբինի հարցազրույցին, որում նա էլեյտրաէներգիայի թանկացման համար մեղադրել էր կառավարությանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Բիբինի այդ հայտարարությունն անիմաստ էր և ոչ տեղին: «Ես կարծում եմ, որ ավելի կշռադատված կլիներ, եթե նա ոչ մի բան չասեր, քան այդպիսի հայտարարություն աներ»,- ասաց ԱԺ նախագահը: