ՀՀ Նախագահի այցը Չինաստան նոր լիցք է հաղորդել հայ-չինական բազմակողմ համագործակցությանը
SocietyՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 15-ին ընդունել է Չինաստանի արտգործնախարարության հատուկ բանագնաց, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել Հայաստանում Չինաստանի առաջին դեսպանի այցը Հայաստան՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց՝ կարևորելով այն հանգամանքը, որ դեսպանը առ այսօր իր նպաստն է բերում հայ-չինական բարեկամության ամրապնդմանը:
Դեսպան Սիդին ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարին է փոխանցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի ողջույնները և նշել, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում՝ որպես Չինաստանի ԱԳՆ հատուկ բանագնաց։
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունները, նշել են, որ 2015-ի մարտին ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցելությունը նոր լիցք է հաղորդել բազմաոլորտ հայ-չինական համագործակցությանը։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները փոխանակել են մտքեր միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շուրջ, անդրադարձել ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում դեսպան Սիդին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: