Հայկական մանկական երգչախումբը Վիեննայում կատարել է հայ կոմպոզիտորների գործերը
CultureՎիեննայի «Հայաստան» կենտրոնում հունիսի 14-ին տեղի է ունեցել համերգ՝ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախմբի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիական երաժշտական և հասարակական կառույցների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Գրաց քաղաքի հայ համայնքը: Վերջինս տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին:
Դեսպան Կիրակոսյանը ողջունել է երգչախմբի մասնակիցներին ու երեխաներին ուղեկցող ուսուցիչներին և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կխթանի հայ մշակույթի ճանաչողությանն արտերկրում: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և երգչախմբի համերգների համադրող-կազմակերպիչ, երաժիշտ Գայանե Միրզոյանը:
Տեղի ունեցած համերգի ընթացքում երեխաների երգչախումբն ու դպրոցի մենակատար-սաները կատարել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Շաքարյանի և Շուբերտի ստեղծագործությունները:
Երգչախումբը համերգներով հանդես է գալու նաև Ավստրիայի Գրաց քաղաքում, որից հետո մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Էրվիտե քաղաքում կայանալիք երգչախմբերի միջազգային մրցույթին: