2.5 տարեկան մահացած Լիայի գործով դատապարտվեցին երկու բժշկուհիներ
SocietyԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ 2.5 տարեկան փոքրիկ Լիայի մահվան վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել, որի հետեւանքով էլ հայտնվել է ցնցումների մեջ: Փոքրիկ աղջկա հայրը, դիմելով շտապօգնության աշխատակիցներին, երեխային տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, սակայն 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Ըստ մահացած երեխայի ծնողների պնդման՝ փոքրիկի մահը վրա է հասել բժիշկների անփութության պատճառով:
Վերը նշված գործի առնչությամբ կայացվեց դատական ակտ, ըստ որի՝ մեղավոր ճանաչվեցին Արաբկիր ԲԿ բժշկուհիներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը, ովքեր մինչ օրս աշխատում էին նշված բուժհաստատությունում:
Դատավոր Լևոն Ավետիսյանը Լիլիթ Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի մեջ՝ նրան դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Նույն հոդվածով մեղավոր ճանաչվեց նաեւ Զարինե Այվազյանը. նա դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:
Նկատենք, որ ամբաստանյալները 2013թ. համաներմամբ ազատվեցին հիմնական պատժի կրումից: Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը սկսեց արտասվել և բղավել, նա մեղադրում էր մահացած երեխայի հորը՝ Գեորգի Միսակյանին:
Ի դեպ, բավական ագրեսիվ էին տրամադրված նաեւ ամբաստանյալների հարազատները, նրանք վիճաբանության մեջ էին մտնում գրեթե բոլոր այն անձանց հետ, ովքեր համարձակվում էին անգամ նայել իրենց:
Սոսե Չանդոյան