ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զանգեզուրում պոչամբարներին լցակույտերի վերամշակման ներդրումային ծրագիրը
SocietyԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարների լցակույտերի վերամշակման ներդրումային ծրագիրը: Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրու մային ծրագրի մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ունի կոնսերվացված երկու պոչամբար՝ Ողջին և Փխրուտը, որոնց ծավալները համեմատաբար փոքր են: «Արծվանիկի պոչամբարն ամենախոշորն է, որն արդեն մինչև 95 տոկոս լցված է: Այն կոնսերվացված չի, գործում է, և այնտեղ տարեկան մինչև 18 միլիոն խորանարդ մետր նյութ է լցվում, և ծավալները գնալով մեծանում են: Այս ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոն ներդրումներ անել, ինչի արդյունքում հնարավոր կլինի 12.5 միլիոն խորանարդ մետր նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել ու ունենալ մի քանի տեսակի արտադրանք, այդ թվում՝ մետաղական խտանյութի տեսքով և ոչ մետաղական տարբեր նյութերի տեսքով, որոնք հնարավորություն են տալիս նաև կազմակերպել արտադրություններ կոմպոզիցիոն նյութերի տեսքով, որոնք կարող են օգտագործվել տարբեր բնագավառներում:
Ներդրումային ծրագիրը լուծում է երկու խնդիր՝ մի կողմից լուծվում են էկոլոգիական հարցերը, մյուս կողմից հնարավորություն է տալիս ունենալ մետաղական և ոչ մետաղական տեսքի տարբեր արտադրատեսակներ: