Կառավարությունը «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում շարունակում է բարեփոխել ավիացիայի ոլորտը
SocietyԿառավարությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավական հիմքերը, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները, վերահսկողության մեխանիզմները, բնագավառի իրավական կարգավորման սկզբունքների հետ կապված հարաբերությունները: Ազգային ժողովը քննարկում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքÕ « նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ օրենքն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը:
«Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2013թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Գործող օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվում է իրականացնել լիազորությունների վերաբաշխում ոլորտ կարգավորող լիազորված մարմինների միջև՝ ըստ էության տարանջատելով քաղաքականության տնտեսական կարգավորումը և տեխնիկական կարգավորումը, ինչպես նաև ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական անցկացման համար պատասխանատու մարմիններին»,- նշեց Ճշմարիտյանը:
Նախարարը նկատեց, որ առաջարկվող նախագծով արդիականացվում է նաև առևտրային օդային հաղորդակցությունների բնագավառը և այդ բնագավառում հավաստագրման և թույլտվությունների տրամադրման կարգը: «Մասնավորապես, տարանջատվում են օրենքով սահմանված թույլտվություններ և հավաստագիր հատկացնող պետական մարմինները: Այս գործընթացում ընդգրկվում են պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով ձևավորված նոր ինստիտուտները, ապահովվում է թափանցիկությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը»,- ասաց նա:
Օրենքի նախագծի ընդունումը կարգավորիչ դաշտի նկատմամբ կունենա դրական ազդեցություն, կնպաստի քաղաքացիական ավիացիայի ոլորտում կայունության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմանը՝ իր հետ բերելով ոլորտում աշխուժություն և ներդրումների աճ: