Քաղաքացիները կուտակային վճարներն ամբողջությամբ հետ կստանան մինչև հուլիսի 1-ը
SocietyԱնյալ տարվա հունվար-հուլիսին կատարված կուտակային վճարները կվերադարձվեն քաղաքացիներին մինչև 2015թ. հուլիսի 1-ը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Մինչև հուլիսի մեկը բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են իրենց կողմից կատարված կուտակային վճարումները հետ ստանալու համար, կստանան այդ գումարները, որոնք կփոխանցվեն իրենց աշխատավարձային հաշիվներին: Կուտակային վճարները հետ ստանալու հարցով դիմել է շուրջ 62 հազար քաղաքացի»,- նշեց Ասատրյանը:
Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում դեպոզիտարիայի կողմից կատարվել է համապատասխան աշխատանք՝ ճշգրտելու կուտակային վճարները հետ ստանալու համար դիմած քաղաքացիների աշխատավարձային հաշիվները, որպեսզի գումարները փոխանցվեն անմիջապես այդ հաշիվներին: «Մինչև հուլիսի 1-ը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այդ գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն քաղաքացիների հաշիվներին»,- հավելեց Ասատրյանը:
Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ընդգծեց, որ որոշ անձանց փոխանցվել են ոչ թե 6, այլ 4 ամսվա գումարները, իսկ մնացած երկու ամսվա գումարների պարագայում հիմնադրամները հայտարարում են, որ այդ մասով պարտավորությունները պետք է կատարեն գործատու կազմակերպությունները, իսկ գործատուները հայտարարում են ճիշտ հակառակը: Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ հիմնադրամները վերադարձնում են այն գումարները, որոնք փոխանցվել են քաղաքացու կենսաթոշակային հաշիվներին: «Եթե երկու ամսվա գումարները չեն վերադարձրել, նշանակում է՝ այդ գումարն երը մնացել են «կամուրջ» հաշիվների վրա, իսկ այս դեպքում խնդիրը պետք է կարգավորեն գործատուն և հարկային մարմինները: Ես խոստանում եմ, որ ևս մեկ անգամ ևս այս հարցին կանդրադառնամ և հոտևողական կլինեմ, որ այդ խնդիրները կարգավորվեն»,- հայտարարեց նախարարը: