«Չեխական ավիաուղիներ»-ը կարող է վերսկսել Հայաստանում գործունեությունը
Society«Չեխական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն Հայաստանում գործունեությունը վերականգնելու հարցով: Այս մասին Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Գիտեք, որ «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը Հայաստանում, ինչը պայմանավորված էր ոչ թե հայաստանյան շուկայի, այլ ընկերությունում բաժնետիրոջ խնդիրներով: Չեխիա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանք հունիսի 22-ին ժամանելու են Երևան՝ իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսելու հարցով բանակցություններ վարելու համար»,- ասաց Ճշմարիտյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը լուրջ փաստարկներ ունի, որ այդ ընկերության գործունեությունը Հայաստանում կարող է արդյունավետ լինել հատկապես այն դեպքում, եթե չվերթներն իրականացվեն ցերեկային ժամերին: «Բացի այդ, եվրոպական ուղղություններով թռիչքների մասով իրենք կարող են լուրջ դերակատարում ունենալ: Մի խոսքով՝ մենք լուրջ փաստարկներ ունենք, որ նրանց ներկայացնելու ենք այդ բանակցությունների ընթացքում»,- հավելեց նախարարը: