ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի երրորդ նիստը
SocietyԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի երրորդ նիստը: Գրանցվել է 105 պատգամավոր: Ննիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հունիսի 17-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը նպատակ ունի արբիտրաժային մեծ փորձ եւ մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական եւ համակարգված քայլեր ձեռնարկել:
առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում է ներդնել նոր՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը» եւ նախատեսվելու են այդ իրավունքի իրացման մեխանիզմները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ոլորտը կարգավորող լիազորված մարմինների միջեւ կիրականացվի գործառույթների հստակ տարանջատում:
Պատգամավորներն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նշված տնտեսվարողների համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որի չափը գործող 1-ից 5 տոկոս շրջանառության հարկը կնվազի ընդհուպ մինչեւ 0,36 տոկոս, կազմելով ամսական առավելագույնը 35 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: