«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը մեկնարկում է
CultureՀինգ համերգ, սպասված տոն, բազմաթիվ հետաքրքիր ստեղծագործություններ. «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը մեկնարկում է: Հունիսի 18-ից հուլիսի 4-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կանցկացվեն տարաբնույթ համերգ-երեկոներ: Փառատոնը կազմակերպում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն իրադարձության մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ այն մեծ ճանաչում է ստացել:
«Այս փառատոնը ևս կզարմացնի հանդիսատեսին: Հանդիսավոր բացման համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համերգը շատ կարևորում ենք: Փառատոնը կներկայանա հինգ համերգներով, տարբեր մասնակիցներով: Այս փառատոնին հանդես կգան նաև հյուրեր ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, ՌԴ-ից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիամ Շահինյանը:
Փառատոնի բացման համերգին ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Հարություն Արզումանյանն ընդգծեց, որ փառատոնն առանձնահատուկ է: «Առաջին անգամ չեմ համագործակցում փառատոնի հետ, մթնոլորտն առանձնահատուկ է: Այս տարի որոշեցինք մի գլուխգործոց ներկայացնել բացման համերգին, օրինակ, Պերգոլեզի «Ստաբատ Մատերը» »,-նշեց դիրիժորը:
Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի երկրորդ համերգը: Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:
Հունիսի 24-ին տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ընթացքում հայ արվեստասեր ունկնդրին տարբեր ստեղծագործություններ կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ):
Հունիսի 27-ին «Ազգային պատկերասրահ» փառատոնի չորրորդ համերգին տեղի կունենա գործիքային երաժշտության երեկո: Հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստանի Դաշնություն):
Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Համերգին հանդես կգան տաղանդաշատ հայազգի երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը(բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:
2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար: 2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը: