Երևանը տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունի
SocietyԵրևանի քաղաքապետարանը ցանկանում է, որ մայրաքաղաքը դառնա տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 17-ին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: «Սա իրենից շատ ծավալուն աշխատանք է ենթադրում: Մենք գործընթացը սկսել ենք Երևան քաղաքի բր ենդի մշակմամբ, մեր աշխատանքները 1,5 տարի շարունակվում են, և մեծ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ»,- նշեց Մարիա Բարաղամյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևորում է նաև «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու աշխատանքը: «Փառատոնային զբոսաշրջությունը ևս կարևոր է: Արդեն երրորդ տարին քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանյան ամառ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել ժամանցը Երևանում»,-նշեց նա:
Մարիա Բարաղամյանի խոսքով՝ ընդունված է, որ հաճախ հատուկ փառատոններին մասնակցելու նպատակով այցելում են այս կամ այն քաղաք: «Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փառատոններ, որոնք Երևան կբերեն զբոսաշրջիկներին: Նախորդ տարի կազմակերպեցինք Գարեջրի, Հացը լեռներում, Ձմերուկի և այլ փառատոններ»,-նշեց նա:
2015 թվականի հունվար- մարտի վիճակագրությամբ՝ 9 տոկոս աճ է գրանցվել ներքին զբոսաշրջության տեսանկյունից: «Ցանկացած զբոսաշրջիկ, ով այցելում է որևէ քաղաք, իր հետ տանում է և հիշում է առաջին հերթին այդ քաղաքի համն ու հոտը, հետո տեսարժան վայրերը: Երևանը հարուստ է տարբեր խոհանոցային դրսևորումներով, հայկական ուտեստներով և մեր զբոսաշրջիկները շատ են սիրում այցելել տարբեր երևանյան ռեստորաններ»,-հավելեց Մարիա Բարաղամյանը: