Մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար պետք է մշակել ավելի կոշտ նորմատիվային և օրենսդրական դաշտ. Վիլեն Խաչատրյան
SocietyԷլեկտրաէներգիայի թանկացմանն ախուսափելիորեն հետեւելու է գնաճ: Առաջին հերթին այն անդրադառնալու է այն ոլորտների վրա, որտեղ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն ավելի մեծ են: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: «Այսինքն՝ այն ունի համակարգային բնույթ, պարզապես պետք է գնահատել, թե յուրաքանչյուր ոլորտ որքանով դրան կարձագանքի՝ պայմանավորված ինքնարժեքի մեջ ներառված էլեկրաէներգիայի սակագնով»,-ասել է նա:
Բազմիցս նշվել է, որ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը՝ վատ կառավարման հետեւանք են: Հետեւաբար՝ ի՞նչ իրավական մեխանիզմներ կան նման ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Տնտեսագետն ընդգծում է, որ իրավական դաշտ տանելու առաջին հանգամանքը՝ գնումների գործընթացն է: «Բոլոր երկրներում այդ կառույցները կատարում են գնումներ, և եթե ցանկացած ապրանքի գին շուկայականից ավելի բարձր գնով ֆիքսեն կամ գործարքները կատարեն ոչ նպատակահարմար տարբերակով, այսինքն՝ աշխատի «ատկատների սիստեմը», ապա այս պարագայում իրավական միջամտության անհրաժեշտություն կառաջանա: Հաջորդը պայմանավորված է նորմատիվային դաշտով, որն առնչվում է առանձին ծախսային հոդվածների: Նման փաստաթուղթ ես չեմ տեսել, սակայն, ամենայն հավանականությամբ, պետք է լինի նորմատիվային դաշտ, թե ինչքան պետք է լինեն կոնկրետ ծախսային հոդվածները, այս կամ այն ծախսը պետք է ընդգրկվի սակագնի մեջ, թե ոչ »,-պարզաբանել է բանախոսը:
Տնտեսագետն ընդգծում է նաեւ, որ մենաշնորհային դիրք ունեցող ընկերության համար մարկետինգային ծախսեր իրականացնելն աննպատակահարմար է: Խաչատրյանն աննպատակահարմար է համարում նաեւ նվիրատվությունները՝ «անգամ, եթե դրանք արվում են ընկերության շահույթի, այլ ոչ թե սակագնի հաշվին»: «Այսինքն՝ նման տիպի իրավական կարգավորումները և ավելի խիստ օրենսդրությունը՝ հնարավորություն կտա վերահսկել սակագինը և թույլ չտալ այն բարձրացնել: Կարծում եմ՝ հատկապես մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների համար պետք է ավելի կոշտ նորմատիվային և օրենսդրական դաշտ մշակել»,-ասել է նա:
Այն դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է ընկերության դեմ գործ հարուցել և ստուգումներ իրականացնել, տնտեսագետն ընդգծում է՝ միայն, եթե դրա համար կան հիմքեր: «Պետությունը կարող է հարկային ստուգում իրականացնել, բացահայտել խախտումներ, բայց, այնուամենայնիվ, եթե դրանց հիմքերը չկան, ապա պետության միջամտության մասշտաբները կամ գործողությունների շրջանակը բավական սահմանափակվում է»,-պարզաբանել է Վիլեն Խաչատրյանը:
Պետության միջամտությունը շատ ավելի դյուրին կլիներ, եթե այն ունենար «ոսկե» բաժնետոմսը, այսինքն՝ մասնակցեր պետական կառավարման մանաբաժնով: «Այսինքն՝ կառավարման գործընթացը մնում է պետության իրավասության տակ, եւ նման դեպքում կարող է միջամտել: Սակայն, այստեղ ընկերությունը հանդես է գալիս որպես մասնավոր կազմակերպություն, իսկ մասնավոր կազմակերպության գործերին միջամտելը ՝ բավական դժվար է»,-նշել է տնտեսագետը: