Մասնագետները կարևորում են պետության դերը ՏՏ լուծումները տնտեսությունում կիրառելու հարցում
SocietyՀայաստանում ներքին շուկայում պետությունը տեխնոլոգիաների ամենամեծ պատվիրատուն է: Այդ իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից չի հասել շատ մեծ հաջողությունների: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը` խոսելով «Դիջիթեք» բիզնես ֆորումին պետության մասնակցության վերաբերյալ: «Մենք տարեցտարի զգում ենք հաջողությունը, թե ինչպես ՏՏ-ն ավելի ու ավելի ներառվում տնտեսության և պետական կառավարման մեջ, բայց, այնուամենայնիվ, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու: Մենք ակնկալում ենք պետության և կառավարության մասնակցությունը ոչ միայն ֆորում այցելելու, այլև հատկապես թեմատիկ քննարկումներին մասնակցելու առումով: Շատ ուրախ կլինենք, եթե այս տարի արձանագրենք ավելի շատ նախարարների կամ փոխանախարարների մասնակցություն թեմատիկ քննարկումներին, քան նախորդ տարիներին: Քանի որ դա նույնպես ցույց է տալիս, թե գերատեսչությունը որքանով է կարևորում տեխնոլոգիանեի կիրառումն իր ոլորտում»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց Հայկ Չոբանյանը:
Ինչ վերաբերում է տեղական ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումների մատչելիությանը, ապա ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նկատեց, որ այսօր ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները գնային առումով շատ մատչելի չեն մնացած երկրների համեմատ, բայց չի կարելի պնդել, որ թանկ արտադրանքի ու ծառայությունների մատակարարների շարքում են: Նա նաև նշեց, որ գուցե գնի տեսանկյունից արտասահմանյան ընկերությունների առաջարկն ավելի գրավիչ է, բայց բիզնեսի պահանջներին ու մեր առօրյային տեղայնացնելու առումով դրանք ավելի թանկ են արժենում:
«Եթե խոսենք վերջին տարիների մասին, ապա շուկան բավական փոխվել է: Մենք մասնագետների պակասի խնդիր ենք տեսնում, ինչն էլ բերում է արտադրանքի գնի բարձրացման: Բայց, մյուս կողմից էլ՝ Հայաստանում առաջարկն է մեծացել, շատ արտասահմանյան ընկերություններ այստեղ ներդրումներ են կատարում` ելնելով մասնագետների որակից»,- ավելացրեց Ալեքսանդր Եսայանը:
«Դիջիթեք» բիզնես ֆորումը կկայանա հունիսի 19-20-ը: Սպասվում է, որ միջոցառման բացման արարարողությանը կմասանկցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այն բաղկացած կլինի ցուցահանդեսային մասից և ոլորտային քննարկումներից: Կանցկացվեն 8 ոլորտային քննարկումներ հետևյալ թեմաներով` բիզնեսի աջակցման ծառայությունները ՏՏ ոլորտի համար, տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար, էլեկտրոնային կառավարում, տեխնոլոգիաները «կանաչ» տնտեսության համար, տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար, ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում, կիբեռանվտանգություն:
Այս տարի անակնկալ է սպասվում տեխնոլոգիաներն իրենց բիզնեսում կիրառող ընկերությունների համար: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ: