Ֆրանսահայերի միասնական ջանքերով Արցախի 3 գյուղերում կառուցվում են համայնքային կենտրոններ
Society«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Կյուրաթաղ (Հադրութի շրջան), Գետավան (Մարտակերտի շրջան) եւ Սարգսաշեն (Մարտունու շրջան) գյուղերում մեկնարկել են համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները: Ծրագրերը համաֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության կողմից: Ինչպես տեղեկացրին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս համայնքների բնակիչները` շուրջ 1030 մարդ, հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Մեկ հարկի տակ բուժկետի, գրադարանի, հանդիսասրահի ու գյուղապետարանի կենտրոնացումը նպատակ ունի արդյունավետ դարձնել այս ենթակառուցվածքների շահագործումն ու տնտեսվարումը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի մեր հայրենակիցներին` համայնքների ղեկավարները հավաստել են, որ այս ձեռնարկն արդեն իսկ ոգեւորել է բնակիչներին:
«Մեր նախաձեռնություններով հայ գյուղացուն սատարելը, լինի դա Հայաստանում, թե Արցախում, մեր հիմնական ուղղությունն է եւ առաջնահերթությունը»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղումբարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով: