Դմիտրի Շեպելեւ. «Այսօր ես կլինեմ իմ սիրելի կնոջ կողքին»
LifestyleNews.am-ը գրում է.
Երեկ մոսկովյան «Крокус Сити Холл»-ում հրաժեշտ էին տալիս ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Ռուսական պարբերականները գրում էին, որ հազարավոր մարդիկ էին ներկա եղել այդ արարողությունը, սակայն Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը չի կարողացել Բուլղարիայից հասնել Մոսկվա։
«Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ այժմ Դմիտրին Մոսկվայում է, իսկ Ֆրիսկեի որդին՝ Պլատոնը, մնացել է Բուլղարիայում եւ ներկա չի լինի մայրիկի հուղարկավորության արարողությանը, քանի որ դա կարող է ազդել 2-ամյա փոքրիկի հոգեկան ներաշխարհի վրա։
«Երեկ Ժաննային հրաժեշտ են տալիս նրա երկրպագուները, քանի որ արդեն երկու տարի է, նրանք չէին տեսել իրենց սիրելի երգչուհուն։ Իսկ այսօր կանցկացվի հոգեհանգստյան պատարագը, հուղարկավորությունը, եւ ես կլինեմ իմ սիրելի կնոջ կողքին»։
Դմիտրին նաեւ մեկնաբանել է, թե ինչու է հեռացել Բուլղարիա։
«Դեռեւս մեկ ամիս առաջ էլ պարզ էր, որ ես երեխային պետք է տանեմ Բուլղարիա։ Տոմսերն արդեն գնված էին, արտոնագրերը պատրաստ։ Իհարկե, մենք հասկանում էինք, որ Ժաննան ծայրահեղ ծանր վիճակում էր եւ ամեն վայրկյան կարող էր մի բան պատահել, բայց բժիշկներից ոչ մեկը հստակ չէր նշել, թե երբ տեղի կունենա այս ողբերգությունը։ Ես կարող եմ ասել իմ ընտանիքի անունից, որ երեխան չպետք է տանջվի։ Քանի որ հնարավորություն կար, որ Պլատոնը լիարժեք ամառ կանցկացնի Բուլղարիայում, որոշվեց, որ կիրակի օրը նա մեկնում է հանգստանալու։
Դուք պետք է հասկանաք, որ երկու տարի, առանց հանգստանալու, ես Ժաննայի կողքին եմ եղել, որովհետեւ գիտեի, որ իմ սիրելի անձնավորությունը օգնության եւ աջակցության կարիք ունի։ Եվ այն, ինչ կատարվեց, ես պարզապես կանվանեմ հրեշավոր զուգադիպություն. այլ կերպ հնարավոր չէ սա կոչել։ Իհարկե, եթե ընտրության հնարավորություն լիներ, ես կցանկանայի Ժաննայի կյանքի վերջին վայրկյաններին նրա կողքին լինել։ Բայց մյուս կողմից էլ շատ ուրախ եմ որդուս համար, որ կարողացա նրան հեռու պահել այս ողբերգական իրադարձություններից։ Ես ճիշտ չեմ համարում, որ որդիս ներկա լինի այս ամենին, որովհետեւ միշտ էլ մեզ համար առաջնայինը Պլատոնն է եղել։ Մեր զրույցների ամենակարեւոր թեման Պլատոնի դաստիարակության հարցն է եղել։ Նա միայն այդ մասին էր խոսում։ Կարծում եմ՝ սա ավելի կարեւոր էր, ավելի մեծ երջանկություն էր նրա համար, քան բեմ բարձրանալը։ Բայց ելույթները նույնպես ուրախություն էին պարգեւում նրան, քանի որ Ժաննան ծնվել էր հենց դրա համար»։