Քըրք Քըրքորյանը ստեղծող և արարող մարդու տեսակ էր. ՀՀ վարչապետ
SocietyԿառավարությունը հունիսի 18-ի նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի համար ցավալի է եղել ժողովդի մածագույն զավակ Քըրք Քըրքորյանի մահվան բոթը:
«Այս մարդը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին եղել է երկրի կողքին: Նա ստեղծող, արարող մարդու տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Ցավակցություններ ենք հայտնում նրա հարազատներին, բարեկամներին և հայ ժողովրդին»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Հունիսի 16-ին 98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլզի իր տանը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո- և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի հիմնադրամը» 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրե լ ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով: