Ի՞նչ սպառնալիքներ է ստացել Սամվել Կարապետյանը Ուկրաինայից
SocietyՎերջին օրերին Ռուսաստանի ոստիկանությունում տարբեր հեռախոսազանգեր են հնչել՝ ռուսաստանյան քաղաքներում գործող առևտրաժամանցային կենտրոնների, այդ թվում՝ «Ռիո» սուպերմարկետների պայթեցման սպառնալիքով: Իհարկե, լրատվական դաշտն ու ֆեյսբուքյան ակտիվը, ինչպես լինում է նմանատիպ դեպքերում, սկսեցին առաջ քաշել իրենց սեփական վարկածները՝ ադրբեջանական հետքից մինչև ներհայաստանյան ՛՛աբիժնիկների՛՛ կողմից կազմակերպված արշավ՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմ, ով այդ ցանցի սեփականատերն է:
Սակայն, ինչպես Orer.am-ը տեղեկացավ ռուսական լրատվամիջոցներից, արդեն իսկ պարզվել է, թե որտեղից են ստացվում հեռախոսազանգերը: Բոլոր զանգերը, պարզվում է, կատարվել են Ուկրաինայից:
Ավելին, ըստ ռուսական աղբյուրների, զանգերը չեն վերաբերել միայն «Ռիո»-ներին, հետևաբար նպատակաուղղված չեն եղել բացարձակապես Սամվել Կարապետյանի կամ նրա ընտանիքի դեմ: Ռուսաստանի ևս յոթ խոշորագույն ֆիրմաների վերաբերյալ ստացվել են համանման ահազանգեր:
Ռուսաստանյան լրատվամիջոցների ու փորձագետների կարծիքով՝ փորձ է արվում մի կողմից լուրջ աժիոտաժ առաջացնել Ռուսաստանում, մյուս կողմից պարբերաբար ընդհատել խոշորագույն կազմակերպությունների գործունեությունը՝ փորձելով ֆինանսական վնասներ հասցնել ռուսական տնտեսական հսկաներին:
Հետևաբար այն մտահոգությունները, որ այդ իրադարձությունները միտված են հարվածներ հասցնելու հայկական լոբբիին, բարեբախտաբար, անհիմն են:
Անդրանիկ Բարսեղյան