Ռուս զինծառայողի սպանության գործով քրգործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեին
SocietyՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով լրացուցիչ քննություն կատարելու նպատակով քրեական գործը վերադարձրել է ՀՀ քննչական կոմիտե:
«2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի.Ս.Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Ի.Վ. Բոսխոմջիևի առնչությունը, ով ձերբակալվել է և դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության
և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության
տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի
3-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է
տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության
վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործը
դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաների և Ի.Ս.Նովիկովի դիակի հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով:
2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված
քրեական գործը և դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ:
Շիրակի մարզի դատախազությունում նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռևս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական կոմիտեն»,-«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս զինվորի դակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն