Պետական պարտքի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը նոր պարտք ներգրավելու նպատակ չի հետապնդում
Society«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները, պայմանավորված չեն կառավարության կողմից նոր պարտք ներգրավելու ցանկությամբ: Ազգային ժողովում «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:
«Եթե մենք նպատակ ունենայինք նոր պարտք ներգրավել, կբերեինք այլ նախաձեռնություն և կասեինք, որ նպատակ ունենք նոր պարտք ներգրավել, սակայն այս նախագիծը, որը մենք հիմա քննարկում ենք, նոր պարտք ներգրավելու նպատակով չի բերվել խորհրդարան: Ես արդեն ասել եմ, որ սրանով մենք հստակեցնում ենք կառավարության կողմից ստանձնած պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները»,- նշեց Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ պետական պարտքը գոյանում է իրարից անկախ երկու սուբյեկտների՝ կառավարության և կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում: «Ենթադրվում է, որ եթե կենտրոնական բանկն անկախ է կառավարությունից, կառավարությունը պետք է նույնքան անկախություն ունենա կենտրոնական բանկից: Բայց այսօրվա իրավիճակում այդպես չէ: Այսօր կառավարության հաջորդ տարվա ներկայացվելիք բյուջեի պակասուրդը կախված է նրանից, թե կենտրոնական բանկը ինչպիսի պարտք ներգրաված կլինի: Այսօրվա գործող օրենքն այդպիսի սահմանափակում է կիրառում: Ներկայացված նախագիծն ընդամենը միտված է այս խնդրի կարգավորմանը»,- հայտարարեց Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետը հստակեցրեց նաև, որ այս փոփոխությունը ավելացնելու է նոր պարտք ներգրավելու հնարավորությունները կառավարության համար, սակայն փոփոխությունը չի առաջարկվում պարտքն ավելացնելու նպատակով կամ նրա համար չի արվում, որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսին և պետք է կարգավորում մտցնել: Նա հավելեց, որ այս պահին կառավարությունը լրացուցիչ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար պարտք ներգրավելու հնարավորություն ունի: