Արմեն Մուրադյանը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից
SocietyԼոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը մանրամասն ծանոթացել է շինարարության ընթացքին, զրուցել է կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրել են, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն նախանշված ժամկետներում։ Նախարարն իր գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ։
Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը բժշկական նոր կենտրոնը կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
Արդյունքում Վանաձորում կունենանք բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոն` ախտորոշիչ լայն հնարավորություններով, ժամանակակից վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվել են բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։
«Մեծ սպասելիքներ ունենք Վանաձորի հիանալի նոր կենտրոնից»,-ասել է Արմեն Մուրադյանը` շինարարներին հորդորելով շարունակել աշխատել նույն պատվախնդրությամբ։
Լոռու մարզի և հատկապես Վանաձորի բնակչությունը երկրորդային և երրորդային բժշկական ծառայություններ կստանա տեղում:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։