ԿԳ նախարարությունը կանգնած է բոլոր բուհերի կողքին. Արմեն Աշոտյան
SocietyՀՀ կրթության և գիտության նախարարությունը միշտ կանգնած է հանրապետության բոլոր բուհերի կողքին: Այս մասին հունիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Որպես լիազոր մարմնի ղեկավար՝ ուշադրության կենտրոնում էր գործընթացի օրինականությունը: Իմ գնահատականը ես պարտավոր են տալ բացառապես գործընթացի կազմակերպման, իրականացման իրավաչափության և օրինականության հետ կապված: Ուզում եմ ասել, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության գործընթացը իրականացվել է լրատվամիջոցների ուշադրության ներքո՝ բաց նիստի ընթացքում՝ պահպանելով Հայաստանի օրենսդրության և Պոլիտեխնիկի կանոնադրության բոլոր համապատասխան դրույթները : Այդ տեսակետից ես շատ գոհ եմ գործընթացի որակից », նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը հավելեց, որ չի ցանկանում մեկնաբանել իր քվեարկության արդյունքները, քանի որ դա կարևոր չէ: «Ավելի կարևոր է, որ բուհի ողջ համակազմը՝ դասախոսները, ուսանողները համապատասխան ներուժ գտնեն իրենց մեջ և միասին շարունակեն բուհի զարգացման գործընթացը՝ հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերները, որոնք ծառացած են բուհական համակարգի առջև, հաշվի առնելով բուհում՝ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները»,-նշեց նա:
Աշոտյանը հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ կրթության և գիտության նախարար, նիստին հանդես է եկել որպես բուհի խորհրդի անդամ: «Պոլիտեխնիկի կանոնադրությամբ՝ խորհրդի բոլոր անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալ ընտրությունների ժամանակ, և բացահայտ հայտնելու իրենց տեսակետը: Ես դիվանագիտական հնարքներ օգտագործեցի, եթե կարծում եք, որ իմ տեսակետը կարող էր կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»,-ընդգծեց նա:
Աշոտյանը չունի անձնական հարցեր կրթական համակարգում: «Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս: Իմ անձնական հարցը ես լուծել եմ: Մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Որպես կրթության նախարար` չեմ զանցել ու երբևէ չեմ զանցելու իմ լիազորությունները և ոչ մի հարցում: Նորից հիշեցնեմ՝ իմ հրամանով է պարոն Թոքմաջյանը ժամանակին նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմ նախաձեռնությամբ է Պոլիտեխնիկի կարգավիճակը ՊՈԱԿ-ից հիմնադրամ փոխվել: Երբեք միջանձնայինն ու աշխատանքայինը չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»,-հավելեց նա:
Աշոտյանը փաստեց նաև, որ ուզում է իրականությունն իմանալ առաջին շուրթերից: «Դրա համար եմ շփվում սոցիալական ցանցերում, դրա համար եմ լսում ուսանողների ահազանգերը: Բնական է, եթե չեմ հասցնում պատասխանել բոլոր նամակներին»,-ընդգծեց նա:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին անցկացվեցին ռեկտորի ընտրությունները: Բուհի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից փակ քվեարկությամբ նրան կողմ է քվեարկել 19-ը: