Ոստանիկ Մարուխյանը պատրաստ է աշխատել Հովհաննես Թոքմաջյանի հետ
SocietyՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը շնորհակալ է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներին վստահության համար: Մարուխյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին՝ իրեն առաջինը շնորհավորելու համար:
«Տա Աստված, որ այն, ինչ փորձում ենք իրականացվնել, իրականացնենք միասին, իրականացնենք այս հաստատության սահմաններում, իրականացնենք այնպես, որ իսկապես բոլորս մեզ համար պարզենք հետևյալը՝ Պոլիտեխնիկը մեր տունն է, մենք այդ տան զավակներն ենք: Եկեք պահպանենք այդ տունը, զարգացնենք, կառուցենք նորը, ավելի լավը, ավելի գեղեցիկը: Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք այդ ապագային սատար լինենք, կուռ ու միասնական կոլեկտիվ լինենք», ընտրություններից հետո նշեց Ոստանիկ Մարուխյանը: Ռեկտորը փաստեց՝ պատրաստ է աշխատել Հովհաննես Թոքմաջյանի հետ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին անցկացվեցին ռեկտորի ընտրությունները: Բուհի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից փակ քվեարկությամբ նրան կողմ է քվեարկել 19-ը: