Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիան նշեց իր 75-ամյակը
CultureԳ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պարարվեստի միության ն ախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
Առաջին անգամ ներկայացվեցին ժամանակակից բալետային արվեստի երկու ստեղծագործություններ՝ «Հոգու գոհար» և «Քարահունջ» խորագրերով:
«Հոգու գոհար» բալետը ներկայացնում էր մարդկային հոգու ուժը, որը ներշնչվում է կյանքի ու մահվան սահմանագծում ուժեղ մնալու եւ պայքարողի անկոտրում կամքով առաջ գնալու ջանքերից:
«Քարահունջ» (խոսող քարեր) բալետի միջոցով ներկայացվեց հայ կնոջ փառավոր կերպարը, նրա հարուստ անցյալն ու ներկան՝ հեթանոս հայ աստվածուհիներից մինչև մեր ժամանակները։
«Ջանբազյան» պարի ակադեմիան հիմնադրվել է 1941թ. և մինչ օրս շարունակում է ներկայացնել բացառապես բարձրարվեստ բեմադրություններ՝ երիտասարդ սերնդին կրթելով դասական ժամանակակից բալետի և ավանդական ժողովրդական պարարվեստի միջոցով:
Պարուսույց և գեղարվեստական ղեկավար Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս՝ աքսորված եվ մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ:
Արվեստում ունեցած նվաճումների համար Աննա Ջանբազյանին 2002, 2003, 2004 և 2006 թվականներին շնորհվել է «Լեստըր Հորթոն» պարի, 2005թ.՝ «Grand Prix of Italy», 2007թ.՝ «Diamond Awards» մրցանակները:
2015թ. հունիսին Սփյուռքում հայ մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Աննա Ջանբազյանը պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Պարախումբը մասնակցել է մի շարք փառատոնների, շրջագայել և ելույթներով հանդես եկել է աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր բեմերում: